Այսօր «Արմատ» մամուլի ակումբում կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի` 2011 թվականի ամփոփիչ մամլո ասուլիսը:
- Ես կխոսեմ ընթացիկ տարում ունեցած բացթողումների և ձեռքբերումների մասին: Մենք «Եվրո-2012»-ին մասնակցության իրական հնարավորություն ունեինք, սակայն դա անել չհաջողվեց, որն էլ համարում եմ գլխավոր բացթողումը: Գլխավոր ձեռքբերումն այն էր, որ մեր հավաքականը ցուցադրեց գեղեցիկ ֆուտբոլ և տարավ փայլուն հաղթանակներ:
- Ի՞նչ ծրագրեր ունի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
- 2012 թվականի փետրվարին հավաքականը կունենա ուսումնամարզական հավաք` Կիպրոսում, և կանցկացնի չորս ընկերական խաղ: Այդ կապակցությամբ դեռ հստակ պայմանավորվածություն չկա:
- Աշուն-գարուն համակարգով խաղալը կարդարացնի՞ սպասելիքները:
- Այդ քայլով մենք փորձեցինք մոտենալ եվրոպական ստանդարտներին: Երիտասարդական հավաքականը վառ օրինակ էր, երբ մրցաշրջանի ավարտին կար հոգնածություն:
- Ի՞նչ կարծիքի եք օտարերկրացի դարպասապահների` Հայաստանի առաջնությունում հանդես գալու արգելքի մասին:
- Մենք ունենք դարպասապահների լուրջ խնդիր, իսկ ակումբները մատը մատին չէին տալիս, բայց հիմա ստիպված կլինեն զբաղվել այդ խնդրով:
- «Հրազդան» մարզադաշտի հետ կապված նոր տեղեկություններ ունե՞ք:
- «Հրազդան» մարզադաշտի մասին չեմ խոսի: Մեկ շաբաթ անց կհրավիրվի մամուլի ասուլիս, որի ժամանակ էլ կտրվեն բոլոր պարզաբանումները:
- Ինչպե՞ս եք գնահատում ազգային հավաքականի շանսերը` 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում:
- Հավաքականի շանսերը ես միշտ բարձր եմ գնահատել: Մեր խնդիրն առաջին տեղը զբաղեցնելն է: Բերեզովսկին որակազրկված է, և լավ է, որ մեր առաջին խաղը Մալթայի` համեմատաբար թույլ հավաքականի հետ է, և դարպասապահը բաց կթողնի հենց այդ խաղը:
- Էդել Ապուլա Բետեն կխաղա՞ ազգային հավաքականում:
- Էդելը կհրավիրվի Հայաստանի հավաքական, բայց Բերեզովսկին անփոխարինելի է և քանի դեռ խաղում է, Բետեն կնստի պահեստայինների նստարանին:
- Հայաստանի հավաքականը Թուրքիայում երբևէ կանցկացնի՞ ընկերական խաղ:
- Թուրքիայում հավաքականը հանդես կգա միայն պաշտոնական խաղերի ժամանակ, իսկ ընկերական խաղեր անցկացնելու համար բազմաթիվ երկրներ կան:
- Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրվում են մի շարք բարձրակարգ ակումբներ: Հնարավո՞ր է, որ նա բախվի նույն խնդիրներին, որոնց բախվեց Էդգար Մանուչարյանը:
- Յուրան Էդգար Մանուչարյանի խնդիրները չի ունենա, քանի որ Յուրա Մովսիսյանն Էդգար Մանուչարյան չէ և նրա գլխում այլ ֆուտբոլային մտածելակերպ կա: Մանուչարյանն ուղեղի հետ խնդիրներ ունի. նա վախկոտ է: Այդ առումով Յուրային նրա հետ չես համեմատի:
- Սարգիս Հովսեփյանը կշարունակի՞ խաղալ հավաքականում:
- Սարգիս Հովսեփյանը կխաղա այնքան, որքան կկարողանա: Ես մեր հավաքականն առանց Հոսեփյանի չեմ պատկերացնում:
Комментариев нет:
Отправить комментарий