понедельник, 26 декабря 2011 г.

Միջազգային խաղաղապահ և անվտանգության կայունացման գործողություններ

Հայաստանի Հանրապետության` միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու պրակտիկան սկիզբ է առել 2004 թվականին: Նույն տարում Հայաստանը, մեկ դասակի կազմով, միացել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը Կոսովոյում: Հայ զինվորականները ծառայության են անցել Կոսովոյի բազմազգ «Արևելք» բրիգադում, որը տեղակայված էր Կոսովոյի եւ Մակեդոնիայի սահմանամերձ շրջանում՝ Ֆերիզաչ քաղաքի մերձակայքում:  Հայ խաղաղապահների դասակն ընդգրկված էր հունական խաղաղապահ գումարտակի կազմում, և հետևաբար առաքելության շրջանակներում ՀՀ ԶՈՒ դասակի անմիջական ղեկավարությունն իրականացվում էր հունական գումարտակի հրամանատարության կողմից: ՀՀ մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը շարունակվում է առ այսօր:
2005թ. հունվարին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը միացել է Իրաքում իրականացվող բազմազգ խաղաղապահ առաքելությանը , հիմնականում մասնակցելով  ականազերծման, բեռնափոխադրումների և բժշկական ապահովման աշխատանքներին: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը դուրս է բերվել Իրաքից 2009թ. հոկտեմբերին:
Այժմ Կոսովոյում են ԶՈՒ խաղաղապահ բրիգադի 35 պայմանագրային զինծառայողներ (2 սպա, 1 ենթասպա և 32 շարքային), ովքեր իրենց առաքելությունն իրականացնում են հունական խաղաղապահ ստորաբաժանման կազմում:
Սկսած 2010 թվականի փետրվարից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացնում է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները: Մինչև Աֆղանստան մեկնելը հայկական զորախումբը 3-4 շաբաթյա նախատեղակայման վարժանք է անցնում Գերմանիայում:
2011թ. ավելացվել է Աֆղանստան գործուղված հայ խաղաղապահների թվակազմը` հասնելով 121-ի, որոնցից 40 պայմանագրային զինծառայողներ առաքելություն են իրականացնում Կունդուզ քաղաքում, իսկ 81-ը պաշտպանում են Մազարի-Շարիֆի օդանավակայանը և աջակցման ուժերի ռազմակայանը: 
Երկու ստորաբաժանումներն էլ գործում են գերմանական զորախմբի կազմում: Եվս 5 հայ սպաներ վերապատրաստում են անցնում Կունդուզում` հետագայում աֆղանական բանակում որպես հրահանգիչների ծառայելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий